«Էրեբունի Պլազա» ներխուժածն անմեղսունակ է ճանաչվել. դատարանը հրապարակել է վճիռը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, սեպտեմբերի 22-ին վճռել է երկու տարի առաջ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանին անմեղսունակ ճանաչել։
Դատարանը որոշել է Արթուր Թորոսյանին ազատել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ ՕՔ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով պատասխանատվությունից եւ պատժից ու նրա նկատմամբ այդ արարքի կատարման համար կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Արթուր Թորոսյանի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը, թողնել ուժի մեջ մինչեւ հարկադրանքի միջոցի կիրառման սկիզբը:
Հիշեցնենք, որ Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը եւ վնասազերծել նրան:
Թորոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։