Այսօր ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու առաքելության տեղակայման վայրերի հարցերը
Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Խումբը կքննարկի տեղակայման հարցերը և այլ չափանիշներ, որոնցով պետք է տեղակայվի ԵՄ փաստահավաք առաքելությունը»,- ասց փոխնախարարը։
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ը նույնպես առաջարկել է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն արձագանքեց. «Նախընտրանք չկա, մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որի շնորհիվ կխուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:
Խոսելով Ադրբեջանի փոխանցած նոր առաջարկների մասին՝ Հովհաննիսյանը ասաց․«Քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները, աշխատանքային գործընթաց է գնում։ Առաջարկների մեջ սկզբունքորեն անընդունելի կետեր չկան, բնական է դրանք լիարժեք չեն, հայկական կողմը մշակում է իր առաջարկները»։
Պարույր Հովհաննիսյանը հերքեց, որ Թուրքիայի նախագահը Փաշինյանին առաջ պահանջներ է դրել Ցեղասպանությունից հրաժարվելու, Սյունիքով «միջանցք» տրամադրելու հետ կապված։