Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության ստորաբաժանումներում
Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և «Շմայսեր» ինքնաձիգների, հրթիռանետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր՝ շնորհիվ բաժնի օպերլիազորների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնում։
Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Արթիկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 69-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Անիի բաժնի ոստիկանները. արդյունքը՝ հրացանի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի կամավոր հանձնում։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են առանց խզակոթի գնդացիրի և փամփուշտների, իսկ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ հրացանի և պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունիի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև ՊՊԳՎ Մարտունիի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է հրացանի և տարբեր տեսակի ու նշանակության զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ Բնակչության շրջանում արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գավառի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել են տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։