455 հզր դոլարով 20 մեքենա գնած Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատավարձերի գումար չունի․ Սասուն Խաչատրյանը Կառավարությունից 761,6 մլն դրամ է ուզում՝ տարին ավարտին հասցնելու համար
Սասուն Խաչատրայնի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն սպառել է իրեն հատկացված գումարն ու Կառավարությունից կրկին գումար է ուզում՝ մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության իրականացման հանգամանքով։
Tert.am-ը տեղեկանում է, որ Սասուն Խաչատրյանը դիմել է Կառավարություն, և հայտնել, թե պայմանավորված մրցույթների արդյունքում հաստիքների համալրմամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կոմունալ, արտագերատեսչական, ներքին գործուղումների, վարչական, կառավարչական, մեքենաների և սարքավորումների նորոգման, տրանսպորտային նյութերի և այլ ծախսերի համար անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից կրկին գումար հատկացնել 761 մլն 600 հզր դրամ։
Ակնկալվող արդյունքում նշել են, թե նախագծի ընդունմամբ ակնկալվում է մինչև տարեվերջ Կոմիտեի աշխատակիցներին ապահովել աշխատանքի վարձատրությամբ և իրականացնել այլ ծախսերի դիմաց վճարումները:
Նշենք, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 6-րդ հավելվածով, 2022 թվականի ժամանակահատվածում առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել է 1 մլրդ 269 մլն 400 հզր դրամ:
Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կոռուպցիայի դեմ պայքերելու նպատակով ստեղծված կոմիտեն վերջին տասը ամսում 189 մլն 300 հզր դրամ (մոտ 455 հզր դոլար) է հատկացրել ավտոպարկի թարմացման համար։