Պոսեյդոնի մ.թ.ա. VI դարի աշխարհահռչակ տաճարի ավերակները հայտնաբերվել են Պելոպոնեսում
Պոսեյդոնի անհետացած տաճարի ավերակները, որը հնում հայտնի էր ամբողջ աշխարհին, հայտնաբերվել են Հունաստանի Պելոպոնես թերակղզու արեւմտյան Կատո Սամիկո գյուղի մոտ։ Հնագետները պեղել են 9,4 մետր լայնությամբ եւ 0,8 մետր հաստությամբ ընդարձակ տեղամաս։ Տաճարը կառուցված է եղել մ.թ.ա. VI դարում, տեղեկացրել է Greekreporter-ը։
Պոսեյդոնի հանրահայտ տաճարը կարեւոր կրոնական կենտրոն էր Տրիֆիլիայի վեց քաղաքների համար։
Գիտնականները ենթադրել են, որ Պոսեյդոնի տաճարը գտնվել է Սամիկոն հնագույն ակրոպոլի հարթավայրում, որի մնացորդները գտնվում են բլրի գագաթին։ Երկրաֆիզիկական հետազոտությունները նույնպես այստեղ հայտնաբերել են պատերի հետքեր։
Այս տարի Իլիայի Էֆորատի, Ավստրիայի հնագիտական ինստիտուտի, Մայնցի եւ Կիլի համալսարանների հնագետները սկսել են տեղանքի առաջին համալիր պեղումները։
Պատերի միջեւ տարածությունում հայտնաբերվել են կղմինդրի զգալի շերտեր։ Երկրաֆիզիկական տվյալները ցույց են տվել, որ այստեղ գտնվել է 28 մետր երկարությամբ շինություն, որն ունեցել է երկու ներքին կառույց, ինչպես նաեւ օժանդակ կառույցներ տաճարի մուտքի մոտ (պրոնաոս), հետեւի մասում (օպիստոդ) եւ, գուցե, փակ խորան։
Հետազոտողները նշել են, որ նման երկարությամբ շինությունը չէր կարող տաճար չլինել։ Ամենայն հավանականությամբ, այն կառուցվել է Պոսեյդոնի էլ ավելի հին տաճարի վրա կամ եղել է նրա մի մասը։
Այս տեսության օգտին է վկայում նաեւ այն, որ հայտնաբերվել է մեծ մարմարե թաս, բրոնզե անոթի նման. դրանք օգտագործվել են հնագույն տաճարներում։