«Ժողովուրդ». Քաղաքական վեկտորը փոխվո՞ւմ է․ ինչ հարց են տվել ՌԴ֊ում Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվայում է: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ միայն Վոլոդինի, այլեւ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ու ՌԴ խորհրդարանում ներկայացված Единая Россия խմբակցության ներկայացուցիչների հետ է հանդիպել:
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվում, որ ՀՀ պատվիրակությանն ու մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին թե՛ Վոլոդինը, թե՛ Մատվիենկոն հստակ հարց են ուղղել՝ պարզաբանել՝ ՀՀ-ն արդյոք պատրաստվում է հրաժեշտ տալ ՀԱՊԿ-ին կամ, այսպես ասած, առ ոչինչ ճանաչել ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը՝ փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը:
Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին: Ի պատասխան՝ նա նշեց, որ նման բան չի եղել:
Տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ այցելած հայկական պատվիրակության անդամներին ռուսաստանցի գործընկերները առաջին հերթին քաղաքական վեկտորը փոխելու կամ նման մտադրություն ունենալու մասին հարցեր պետք է ուղղեին:
Դրա մասին է վկայում նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ արտահայտած միտքն այն մասին, որ Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում