ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Ռուսաստանին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայում էսկալացիայից
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կարծում է, որ Ռուսաստանը պետք է ձեռնպահ մնա Ուկրաինայի օբյեկտներին հետագա հարվածներից: Այս մասին Ժնևում հայտարարել է հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանին։
«Մենք Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում զերծ մնալ հետագա էսկալացիայից և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու քաղաքացիական զոհերը և քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելը»,- ասել է Շամդասանին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և հաղորդակցության օբյեկտներին։ Նա նաև նախազգուշացրել է Կիևին. «Եթե Ուկրաինայի իշխանությունները փորձեն շարունակել ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում, ապա պատասխանները կոշտ կլինեն»: Նա Ղրիմի կամրջի վրա հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն։