ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ներկայությունը Բալթիկ և Հյուսիսային ծովերում
ՆԱՏՕ-ն կուժեղացնի դաշինքի երկրների կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ ի պատասխան Բալթիկ ծովում ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազամուղներում ենթադրյալ դիվերսիաների:
«Մենք Հյուսիսային և Բալթիկ ծովերում մեր ներկայությունն ավելացրել ենք մինչև 30 նավ»,- հոկտեմբերի 11-ին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ այդ նավերն աջակցություն են ստանում օդից և ստորջրյա սարքերի օգնությամբ: Բացի այդ, դաշինքի երկրները խստացնում են անվտանգության միջոցառումները ենթակառուցվածքային օբյեկտների շուրջ և ընդլայնում հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը, ասել է Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի երկրների կրիտիկական ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի համահունչ և վճռական պատասխանի»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Թե ինչպիսին կլինի այս պատասխանը, կախված է հարձակումից: Ստոլտենբերգը չի բացառել, որ խոշոր դիվերսիայի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է կիրառել կոլեկտիվ պաշտպանության մասին իր կանոնադրության 5-րդ հոդվածը։ Կարևոր ենթակառուցվածքը, նրա խոսքով, ներառում է ոչ միայն գազատարներ, այլև ստորջրյա մալուխներ էլեկտրացանցերի և ինտերնետի համար: