Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Տավուշի մարզ։ Հովք գյուղում Աննա Հակոբյանին դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ․ «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։ «Կանաչ արահետ» ՀԿ-ն 8 տարի առաջ մեկ այլ՝ ավելի մեծ կենտրոն էր հիմնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։
«Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը ներկայացրել է կենտրոնի աշխատանքը: Աննա Հակոբյանը շրջել է ինտենսիվ այգում, ծանոթացել կենտրոնի ծրագրերին, գործունեությանը: Կենտրոնում բերքն ամբողջովին օրգանիկ է: Աճեցնում են հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, ինչը հնարավորություն է տալիս փոքր տարածքից մեծ եկամուտ ստանալ:
ՀԿ-ն ներդրումային ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում, խրախուսում է գյուղաբնակ երիտասարդությանը զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ:
Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև գյուղական զբոսաշրջությանը, տարածքում ունեն տնակներ` գյուղացիներին բիզնես-մոդելը ցույց տալու համար:
Աննա Հակոբյանը կենտրոնում զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել ընթացիկ ծրագրերին։