Զելենսկին Հիտլեր չէ. նա արտիստ է. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող համեմատվել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, քանի որ, լինելով կախյալ գործիչ, նա չի որոշում Ռուսաստանի դեմ գործողություններ, նա արևմուտքի հրահանգով է կոնկրետ բաներ անում։ Այս մասին հոկտեմբերի 11-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե մենք խոսում ենք նացիստների, գերմանական նացիզմի մասին, ապա Հիտլերը Եվրոպայի երկրների մեծ մասին միավորել է իր դրոշի ներքո, որպեսզի հարձակվեն ու կործանեն Խորհրդային Միությունը։ Հիմա մոտավորապես նույն երկրների խումբը աջակցում է Զելենսկիին։ Բայց Զելենսկին, իհարկե, Հիտլեր չէ, քանի որ ոչ թե նա է որոշում Ռուսաստանի դեմ գործողությունները, այլ նրան հանձնարարված է կոնկրետ բաներ անել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ինչպես նշել է Լավրովը, Զելենսկին կարող է «մոռանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արգելքի մասին՝ կախված իր տրամադրությունից կամ արևմտյան երկրների պատվերից»։
«Ընդհանրապես նա արտիստ է, այն կողմում հիմա շատ արտիստներ կան։ Ինչպես նաև, ի դեպ, նրանք, ովքեր նրան կառավարում են, մանիպուլյացիա են անում. նրանք բոլորը խաղում են, նրանք բոլորը խաղում են ինչ-որ ազնվական ասպետների, որոնք վրդովված են այն ամենից, ինչ անում են Ռուսաստանի Դաշնությունը և ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:
Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի սեփական անվտանգության սպառնալիքները, որոնք գալիս են Ուկրաինայից։