«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագիրը կիրականացվի նաև Տավուշի մարզում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին:
Հոկտեմբերի 11-14-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի կունենա դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի, դերասան, բեմադրիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ:
Նշենք, որ ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Երևանից և ՀՀ մարզերից ծրագրին մասնակցում են շուրջ 3500 դպրոցականներ՝ 450 դպրոցներից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցում են արվեստագետ-բանախոսի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխանին նվիրված հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: