Կիևում դադարեցվել է մետրոյի երթևեկությունը
Կիևում մետրոյի բոլոր գծերով դադարեցվել է գնացքների երթևեկությունը։
Այս մասին ասվում է Կիևի քաղաքային պետական վարչության հաղորդագրության մեջ, գրում է Ukrinform-ը։
Նշվում է, որ մետրոյի բոլոր գծերով գնացքների շարժը դադարեցված է, միաժամանակ ստորգետնյա կայարաններն աշխատում են որպես ապաստարան։
Կիևի քաղաքային պետական վարչությունը նշում է, որ երթևեկության վերականգնման մասին կհայտարարվի ավելի ուշ։
Գերատեսչությունը նաև հորդորել է չանտեսել օդային հարվածների ազդանշանները։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ Կիևում պայթյուններ են որոտացել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք է հայտարարվել։