Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար
Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար։ Այս մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը Telegram-ի իր ալիքում։
«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է։ Ռուստամ Ուսմանովիչը միշտ եղել է առաջնորդ, ճիշտ որոշումներ կայացնող ստրատեգ, խիզախ մարտիկ, ով առաջինն է հարձակվում»,- գրել է Մելիքովը։
Ռուսաստանի շրջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Չեչնիայում և Սիրիայում ձեռք բերված մարտական փորձը կօգնի Մուրադովին հաղթահարել իր նոր պաշտոնում առաջադրված խնդիրները։ Մելիքովը նրան հաջողություն է մաղթել բանակում։
Արևելյան ռազմական օկրուգը մարտունակությամբ ամենահզորն է Ռուսաստանում։ Նրա շտաբը գտնվում է Խաբարովսկում։ Շրջանը ներառում է չորս ռազմական կազմավորումներ՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգը, Խաղաղօվկիանոսյան նավատորմը, Սիբիրի ռազմական շրջանի արևելյան մասը, ինչպես նաև օդուժի և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը։
Հիշեցնենք, որ նախկինում Ռուստամ Մուրադովը Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարն էր: Նշենք նաև, որ Մուրադովի անունը ներառված է ԵՄ պատժամիջոցների ցանկում, այն պատճառով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում ստանձնել է «Վոստոկ» զորքերի խմբի հրամանատարությունը: