Կիմ Չեն Ընը մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հետ, որոնց նա թշնամիներ է անվանել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ժողովրդական Հանրապետության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և «Հարավային Կորեայի ռեժիմի» կողմից «լարվածության սրմանն ուղղված մշտական, կանխամտածված և անպատասխանատու քայլերը միայն ավելի խիստ արձագանք կառաջացնեն Փհենյանի կողմից»: Նրա խոսքով՝ ԿԺԴՀ իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին։
«Հարգելի ընկեր Կիմ Չեն Ընը շեշտեց, որ թշնամիները դեռ խոսում են երկխոսության և բանակցությունների մասին՝ սպառնալով մեզ ռազմական ճանապարհով: Նա ասաց, որ մենք թշնամիների հետ խոսելու ոչինչ չունենք, և որ մենք նման կարիք չունենք», – հաղորդում է KCNA լրատվական գործակալությունը:
Կիմ Չեն Ինը նշել է, որ առաջին հերթին ԿԺԴՀ-ն պետք է հստակ ազդանշան ուղարկի հակառակորդներին՝ ի պատասխան տարածաշրջանային իրավիճակի սրմանը։
«Հարգելի ընկեր Կիմ Չեն Ընը հավելեց, որ մենք ուշադիր հետևելու ենք Կորեական թերակղզում անվտանգության իրավիճակին և ռազմական ոլորտում թշնամիների բոլոր գործողություններին, որոնք հնարավոր չէ անտեսել, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ ռազմական հակաքայլերը»,- գրել է KCNA-ն։
ԿԺԴՀ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի միջուկային ուժերը լիովին պատրաստ են պատասխան գործողությունների և հասկանում են, որ իրենց առաքելությունն է «պաշտպանել ԿԺԴՀ-ի արժանապատվությունը, ինքնիշխանությունը և նրա գոյության իրավունքը»:
Հոկտեմբերի 10-ին KCNA-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը անցկացվել է մարտավարական միջուկային զորավարժությունների յոթ փուլ։ Կիմ Չեն Ընը անձամբ ներկա է եղել դրանց և հրահանգներ տվել։