Վենեսուելայում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել
Վենեսուելայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 52-ը անհետ կորած են համարվում։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն եռօրյա սուգ է հայտարարել, կիրակի օրը հայտարարել է գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։
«Մինչ օրս հայտնաբերվել է 22 մահացածի դի, ավելի քան 52-ը անհետ կորած է», – լրագրողներին ասել է նա։ Նրա հայտարարությունները հեռարձակվել են Venezolana de Television հեռուստաալիքով։
Նրա խոսքով՝ Լաս Թեհերիաս քաղաքի մերձակայքում մի քանի լեռնային գետեր դուրս են եկել ափերից։
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն տարածքը կհայտարարի աղետի գոտի, և նա նաև եռօրյա սուգ է հայտարարել»,- ասել է Ռոդրիգեսը։
Ներկայումս տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։