ԱՄՆ-ն եւ Իսրայելը փորձում են սադրել Ադրբեջանին՝ ՀՀ հարավային շրջանների օկուպացիայի եւ բռնակցման հարցում. Press TV
Իրանական Press TV հեռուստաալիքի Insight վերլուծական հաղորդման շրջանակում նշվում է, որ ԱՄՆ-ը, Իսրայելը եւ ՆԱՏՕ-ն անընդհատ փորձում են հակամարտություններ հրահրել Հարավային Կովկասի տարածաշրջանում, որպեսզի ապակայունացնեն Իրանն ու Ռուսաստանը։
«Հայաստանի տարածք ադրբեջանական վերջին ռազմական ներխուժումից հետո մենք ականատես եղանք Իսրայելի ռազմական եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների մի շարք այցերի Ադրբեջան, իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Հայաստան։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը փորձում են սադրել Ադրբեջանին՝ օկուպացնելու եւ բռնակցելու Հայաստանի հարավային շրջանները, որպեսզի Թուրքիայով ընդլայնեն եւ միացնեն ՆԱՏՕ-ի տարածքը դեպի արեւելք՝ դեպի Կասպից ծով, Կենտրոնական Ասիա եւ Չինաստան, այսպես կոչված, Պանթուրանի միջանցքով։
Սա Թուրքիայի միջով դեպի Չինաստանի արեւմտյան սահմաններ Արեւմուտք-Արեւելք միջանցք ստեղծելու փորձ է՝ 19-րդ դարավերջի Բրիտանական կայսրության հին մեծ ռազմավարության նոր տարբերակ՝ Եվրասիան մասնատելու՝ անգլո-ամերիկյան ռազմական ներկայությունը պահպանելու համար։ Եվրասիայում աշխարհառազմավարական մրցակիցներին՝ Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին ոչ կայուն իրավիճակում գցելու համար այս անգամ նրանք օգտագործում են Թուրքիային եւ Ադրբեջանին՝ որպես զեգործիք այս մեծ ռազմավարությունն իրականացնելու գործում։ Իհարկե, ի տարբերություն 19-րդ դարի, 21-րդ դարում Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը ազդեցիկ ուժեր են, որոնք թույլ չեն տա այս սխեման կյանքի կոչել։
ԱՄՆ-ը, Իսրայելը եւ ՆԱՏՕ-ն խաղադրույքներ են կատարում Ալիեւների կլանի կոռումպացված ռեժիմի վրա, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր կառավարում է Ադրբեջանը բռնապետի պես՝ կոչ անելով սաստկացնել հակամարտությունը եւ սկսել եւս մեկ պատերազմ՝ չխանգարելով իր ընտանիքին, որը ապահով բնակություն է հաստատել Լոնդոնում։
Իրանը հավատարիմ է հավաքական տարածաշրջանային անվտանգության ապահովման քաղաքականությանը՝ կոչ անելով Բաքվին եւ Անկարային ապահովել տարածաշրջանի անվտանգության շահերը 3 + 3 ձեւաչափի շրջանակներում, որը ներառում է Հարավային Կովկասի երեք պետությունները, ինչպես նաեւ Իրանը. Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան՝ առանց ԱՄՆ-ի, Իսրայելի եւ ՆԱՏՕ-ի, որոնց ռազմավարական կարիքները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի բնակչության եւ ազգերի համար։ Հետաքրքիր է, թե որքան ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի ժողովուրդները կընդունեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերից բխող քաղաքականություն իրականացնող առաջնորդներին»,- նշվում է հաղորդման ընթացքում։