Մեր ընտրությունը. քվեաթերթիկ, որը մեզ տվել է Ալիևը
Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։
Այն ընտրությունը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրվողը, հա´մ հաշվողը։ Մեր ընտրությունը շատ պարզ է.
Ընտրությունը սկսված է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիևը և, ըստ էության, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քվեաթերթիկի վրա մի քանի պարզ հարց է գրած։
Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ ոչ։
Մենք պետությա՞ն հասարակություն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։
Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։
3 միլիոն մարդու ճակատագիր, ներկա ու գալիք սերունդների ճակատագիրը որոշում է մեկ հոգի. մենք սա նորմա՞լ ենք համարում։ Այս իրավիճակից մենք չե՞նք սարսափում։ Մենք բանական հասարակությո՞ւն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։
Մայր բուհի թալիբան ռեկտորը հեռացնում է պատերազմի կամավոր մասնակից ու անարդացիորեն բանտում գտնվող ուսանողին։ Ու համալսարանի հարյուրավոր դասախոսներ, հազարավոր ուսանողները չեն գնում նրա ընդունարան ու չեն բացատրում մարդու և անասունի տարբերությունը։
Մենք արժանի՞ ենք ունենալ ԵՊՀ, Մայր բուհ, պրոֆեսորա-դասախոսական կազմ, ուսանողություն և այլն։
Երկու տարվա մեջ չի լուծվել օդը փակելու հարցը, ու թուրքը անարգել, երբ ուզում՝ ԱԹՍ-ով խփում է մեր դիրքերին։ Ու հասարակությունը չի ընդվզում։
Ամբողջ ազգով քննարկում ենք Պրահայի կադրերը, իսկ գլխավոր հերոսը հարկ չի համարում 5 րոպե մտնի եթեր՝ բացատրություն տա։ Ու երևի իր տեսանկյունից ճիշտ է անում. պահանջող չկա, ընդվզող չկա, ամեն ինչի հետ համակերպվում են։
Մենք ունե՞նք ընդդիմություն, ձևավորված ֆորմատներ, թե՞ դա միայն անհամ հայտարարությունների ֆաբրիկա է։ Իրադարձությունները սրընթաց զարգանում են, ընդդիմադիր համակարգերից որևէ կազմակերպված աշխատանք ու կազմակերպված հակազդում չկա։ Հասարակության հետ որևէ բաց ու հրատապ խոսակցության ջանք չկա։
Ամսի 5-ի ԱԺ-ում Նիկոլի՝ շատ վտանգավոր ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ ընդդիմության լայն ֆորմատով հավաք, ուղիղ եթերով պետք է պատասխանվեր նրա բոլոր ռիսկային ձևակերպումներին, ժողովրդին պետք է ներկայացվեր այլընտրանքը։ Ոչ մի բան չի արվել։
Ունե՞նք կենսունակ ընդդիմություն. անկեղծ պետք է պատասխանել հարցին։
Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, իսկ ՀՀ-ն կարողանու՞մ է պաշտպանել Հայաստանը։
Մեկ հոգին երկիրը տանում է անդունդ, ու դրա մասին ինքն էլ բաց ասում է, ժողովուրդը չի հասկանում իրականությունը։
Ընդդիմությունը և վերնախավերը, որ պետք է բացատրեին ամիսների հեռանկարով լինել-չլինելու ռիսկը և կազմակերպեին դա թույլ չտալու գործը, իրենք էլ կարծես թե չեն հասկանում իրավիճակը, կամ գուցե «հավես չունեն»։ Իսկ հասարակությունը բորենու անտարբերությամբ կարծում է, թե Արցախը հոշոտելուց հետո թշնամին կհանդարտվի, իրենց չեն հասնի։ Էն էլ ոնց են հասնելու։
Մեր խնդիրը երբեք այսքան պարզ չի եղել։ Կարողանալ պետության գաղափարի շուրջ կոնսոլիդացնել ժողովրդի ակտվ ուժերին՝ 100-200 հազար։
Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ. «Դուք կա՞ք, թե՞ դուք մի մեծ սուտ եք»։
Հիմա´ է ամենաբաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրության պահը։ Անհատապես բոլորս այս ընտրությունը պետք է անենք։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ