Ի՞նչ ունեցվածք ունեն կոռուպցիան «արմատախիլ» անող պաշտոնյաները
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր թիմը աննախադեպ պայքար է սկսելու կոռուպցիայի դեմ: Անցել է շուրջ 4.5 տարի, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի արգասիքները դեռևս հանրությունը իր մաշկի վրա չի զգում: Փոխարենը` զգալիորեն փոխվել է այդ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պաշտոնյաների սոցիալ տնտեսական վիճակը, իսկ վերջիններիս հայտարարագրերը բավականին լուրջ հարցեր են առաջացնում:
Դիցուք՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է 2 բնակարան և մեկ հողամաս: Որպես շարժական գույք՝ հայտարարագրել է 2004 թվականի արտադրության BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականին: Ունեցել է 60000 դրամ արժողությասն բաժնեմաս և 300000 դրամի փոխառություն: Նրա դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 588,228.00 դրամ: Նրա բնակարաններից մեկը գտնվում է Աբովյան քաղաքում, որը նա գնել է 2005 թվականին, իսկ մյուսը` Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում, որը ձեռք է բերել 2010 թվականին: Հողամասը ձեռք է բերել 2006 թվականին, գտնվում է Աբովյան քաղաքում:2019 թվականի հայտարագրում ներկայացված է, որ մարզպետը 2,005.00 և 1,922,086.00 արժողության բանկային հաշիվներ ունի։ Ինչպես նաև 850,000. դրամ կանխիկ գումար: Նրա եկամուտները կազմել են մոտ 65 մլն դրամ, որից 11,522,445. դրամն ստացել է որպես աշխատավարձ, 35,000,000. դրամը՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից ստացած փոխառություններից, 17.8մլնը` գույք վաճառելուց, 874,497 դրամը՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ից ստացած փոխառությունից: Նրա կնոջ` Արմինե Պետրոսյանի անունով կա 223,214.30դրամի բանկային հաշիվ, 250,000.00 կանխիկ գումար, 202,239.00 եկամուտ, որը ստացել է «ՍՄԱՐԹ» Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամում աշխատելիս:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ունի 3 բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2019 և 2021 թվականներին, բնակարաններից 3-րդը ներկայացված է՝ որպես նվիրատվություն։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է նաև 1 հողամաս՝ գնված 2013 թվականին։ Հայտարարագրել է 2012 թվականի արտադրության PORSCHE մակնիշի մեկ ավտոմեքենա (լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այդ մեքենան արժե մոտ 10 միլիոն դրամ)։ Խաչատրյանի հայտարարագրած դրամական միջոցները ներկայացնելու պահին կազմել են 10,417,424.00 ՀՀ դրամ՝ ստացված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից, ինչպես նաև 7,111,500.00 ՀՀ դրամ՝ ստացված «Ջերմուկ Գրուպ»-ից։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,314,460.00 ՀՀ դրամ։ Հայտարարագրել է 23,900,000.00 կանխիկ գումար և փոխառություններ՝ 16,876,573.00 ՀՀ դրամի չափով։ Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է երկու կառույցից՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ 16,043,065.00, և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ 5,366,566.00 ստացած աշխատավարձի չափը: Ընդհանուր հայտարարագրած աշխատավարձը կազմել է 21,409,631.00 ՀՀ դրամ։
Վերահսկիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն 2018թ. հարկային տարվա սկզբում Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 7 400 000 ՀՀ դրամ և 37 000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի դրամական միջոցների չափը հարկային տարվա վերջում կազմել են 8 400 000 ՀՀ դրամ, 24 500 ԱՄՆ դոլար և 12 800 եվրո:
Ինչպես տեսնում ենք, թեև կոռուպցիայի դեմ պայքարում իշխանություններն այնքան էլ չեն հաջողել՝ կոռուպցիայի դեմ պայքարողների կյանքում ամեն ինչ լավ է, իսկ մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր անգամ այնպիսի հարցեր են առաջացնում, որոնք այլ երկրներում անշուշտ կգրավեին պատկան մարմինների ուշադրությունը...