Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
Շաբաթ օրը հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան երեք հրթիռ է խոցել։ Այս մասին հայտնում է Shafak News իրաքյան լրատվական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երեք հրթիռ է արձակվել Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք Բաշիք շրջանում գտնվող թուրքական Զլիկան բազայի վրա, հայտնել է տեղի անվտանգության վարչության ներկայացուցիչը։ Նշվում է, որ «նրանցից երկուսն ընկել են թուրքական ուժերի ճամբարի անմիջական մերձակայքում, երրորդը՝ բազային հարող լեռան ստորոտին»։
Իրաքի անվտանգության ուժերի ջոկատները գործողություններ են սկսել՝ հայտնաբերելու արձակողի գտնվելու վայրը և ձերբակալել թուրքական ռազմական օբյեկտներից մեկում արկ արձակած հանցագործներին։
Զլիկանը, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Ամադիա գյուղի մոտ գտնվող թուրքական մեկ այլ բազա պարբերաբար դառնում են տարբեր տեսակի հարձակումների թիրախ։ Հաճախ նման հարձակումների զոհ են դառնում թուրք զինվորները։