ԵՄ-ն Թուրքիային զգուշացրել է Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցների խախտման վերաբերյալ
Չնայած Եվրամիությունը (ԵՄ) ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է կիրառում՝ Թուրքիան շարունակում է ավելացնել վերջիններիս հետ համագործակցության ծավալները։ Այդ իսկ պատճառով թուրքական ընկերությունները ևս կարող են հայտնվել եվրոպական պատժամիջոցների տակ, գրում է Էրմենիհաբեր-ը:
Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալ շուկաների միության ներկայացուցիչ Մեյրիդ Մաքգիննեսը Անկարայում հանդիպել է կառավարության անդամների և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ հաղորդել նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Վերջինս հավելել է, որ Բրյուսելն օրակարգ է բերում իր զգուշացումները։
Մաքգիննեսը, ԵՄ դեսպանների՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ համաձայնության գալու 1 օր անց կապվել էր պաշտոնական Անկարայի հետ և հանդիպել Առևտրի նախարար Մեհմեթ Մուշի, Ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթի և Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի հետ։
Այցից հետո Մաքգիննեսն իր Twitter-յան էջում գրառում է արել՝ նշելով․ «Առիթ եղավ փոխանցելու, որ մենք խիստ կենտրոնացած ենք Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցների կիրառման և խարդախ ճանապարհով շրջանցումն արմատախիլ անելու անհրաժեշտության վրա»։