Մարտերում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման․ Բունդեսթագի պատգամավոր
Ողջունում եմ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգային սահմանները հարգելու վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը, գրում է 1lurer.am-ը։
«Համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լարվածությունը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման և չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,- հայտարարել է պատգամավորը:
Նա համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր պետության տարածքի ինքնիշխանության հարգումը, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառումից հրաժարվելու առաջնահերթությունը պետք է խստագույնս պահպանվեն:
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ներկա համաձայնությանը հասնելու նպատակով ԵՄ արժեքային կողմնորոշման շրջանակներում այդքան արագ և ինտենսիվ աշխատելու համար։ Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ Դաշնային կառավարությանը կոչ եմ անում միանալ այս աշխատանքներին և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին», - նշել է Մանսմանը։