Մոսկվայում հայտարարել են ամանորյա միջոցառումների չեղարկմանն ուղղված քննարկումների մասին
Մոսկվայի քաղաքային դուման հայտարարել է մայրաքաղաքում ամանորյա եւ սուրբծննդյան միջոցառումները չեղարկելու վերաբերյալ քննարկումների մասին։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր, մշակույթի եւ զանգվածային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, հաղորդում է «Moscow speaking» տելեգրամյան ալիքը։
«Կարծում եմ՝ մենք կքննարկենք իրավիճակը Մոսկվայի քաղաքային դումայի հաջորդ նիստում։ Եկեք քննարկենք չեղարկման անհրաժեշտությունը: Դա կլինի մեկ շաբաթից»,- ասել է Գերասիմովը։
Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի շրջանային իշխանությունները հայտարարել են նման միջոցառումների չեղարկման մասին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող քաղաքացիներին տրվող միջոցները վերաբաշխելու նպատակով։
Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաեւը նույնպես հայտարարել է ամանորյա զանգվածային հրավառությունների եւ տոնախմբությունների չեղարկման մասին։ Նրա խոսքով, տնտեսված միջոցները, ի թիվս այլ բաների, կուղղվեն մոբիլիզացված քաղաքացիների ընտանիքներին նպաստ տրամադրելուն։