Երեկ Պրահայում տեղի ունեցավ ՀՀ-ի ու Արցախի հերթական նվաստացումը․ Փաշինյանը փակուղում է․ Նաիրա Զոհրաբյան
«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկը։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել»։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Որպես կանոն, ընդդիմությունն ու հասարակության որոշակի հատված վարչապետին քննադատում են Բաքվի դիրքորոշումներին համահունչ քայլերի, մոտեցումների համար։ Փաշինյանն իրապե՞ս անկեղծ է իր այս պնդումներում, թե՞ սա դիվանագիտական, այսպես ասած, երկրորդ լսարանի համար շրջանառվող թեզ է։
«Ես վաղուց դադարել եմ Փաշինյանի ասածները լուրջ ընդունել, նրա ամեն հայտարարությունը մանիպուլյացիա է, որը ուղղված է այս կամ այն խնդիրը լուծելու, այս կամ այն դիվանագիտական մանևրի, նաև որևէ խնդրից խուսափելու և թիրախները շեղելու համար»,-նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
ԼՈՒՐԵՐ․ com-ի զրուցակցի համոզմամբ, երեկ Պրահայում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի հերթական նվաստացումը, որը ավարտվելու է նոյեմբերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով, որի գագաթնակետը լինելու է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Մնացած հարակից դրսևորումները, ըստ քաղաքական գործչի, պատեհություն են, որով Փաշինյանը կոծկելու է իր ամենամեծ դավաճանությունը։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրփակմանը, ապա Ալիևն ու Էրդողանը հայտարարել են, որ իրենց պետք է Մեղրիի միջանցքը և իրենք ցանկացած գնով դրան հասնելու են՝ անկախ նրանից, թե դրան դեմ է Փաշինյանը։ Իսկ Փաշինյանը ժամանակին հնարավորություն ուներ՝ չգնալու և չծնկելու Բաքու-Անկարա տանդեմի առջև՝ մինչև նշված բոլոր խնդիրները չլուծվեին, բայց նա ընդունեց նրանց խաղի կանոնները»,-ասաց Զոհրաբյանը։
Նրա պնդմամբ, Փաշինյանն այլևս փակուղում է, իսկ այդ փակուղու պատճառով տուժում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև, դե յուրե այս պահին նա է ներկայացնում Հայաստանը։