Պուտինը չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին. աշխարհը կարող է բախվել «Արմագեդոնի». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել «Արմագեդոնի», եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում տակտիկական միջուկային զենք կիրառի, գրում է The Guardian-ը:
Բայդենը միջուկային պատերազմի վտանգի վերաբերյալ առայսօր իր ամենաանկեղծ հայտարարությունն արել է Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության դրամահավաքի ժամանակ:
«Մենք Արմագեդոնի հեռանկարին չենք բախվել Քենեդու ժամանակաշրջանից և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր», - ասել է նա:
«Մենք ունենք մի տղա, որին ես բավականին լավ եմ ճանաչում: Նա չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի կամ կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին, քանի որ նրա զինվորականները, կարելի է ասել, զգալիորեն վատ են արդյունք են ցույց տալիս», - ասել է Բայդենը՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահին։
Եթե Ռուսաստանը իսկապես միջուկային զենք օգտագործի, ապա ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կթողնի երկընտրանքի առաջ, թե ինչպես արձագանքել. փորձագետների և նախկին պաշտոնյաների մեծամասնությունը կանխատեսում է, որ եթե Վաշինգտոնը պատասխան հարված հասցնի ռազմական ճանապարհով, ապա, ամենայն հավանականությամբ, դա կանի սովորական սպառազինությամբ՝ փորձելով կանխել արագ էսկալացիան դեպի համապարփակ միջուկային պատերազմ, գրում է պարբերականը:
Նշվում է, որ Բայդենը երեկվա ելույթում ասել է.«Ես չեմ կարծում, որ գոյություն ունի մարտավարական միջուկային զենք հեշտությամբ օգտագործելու և «Արմագեդոնի» չհասնելու հնարավորություն»:
«Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր առաջին անգամ մենք միջուկային զենքի սպառնալիք ունենք, եթե իրականում ամեն ինչ շարունակվի այն ճանապարհով, որով ընթանում է: Մենք փորձում ենք պարզել, թե որն է Պուտինի ելքը: Որտեղ է նա գտնում ելքը», - ասել է նախագահը:
Հինգշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Պուտինը հասկանում է, որ «աշխարհը երբեք չի ների» ռուսական միջուկային հարվածը։
«Նա հասկանում է, որ միջուկային զենք օգտագործելուց հետո այլևս չի կարողանա պահպանել, այսպես ասած, իր կյանքը, և ես դրանում վստահ եմ», - ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնալիքի դեպքում օգտագործվելու են պաշտպանության բոլոր միջոցները։
Նա հավելել է, որ դա «բլեֆ չէ»։
«Նրանք, որոնք փորձում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին միջուկային զենքով, պետք է իմանան, որ «քամիների վարդը» կարող է հակառակ ուղղությամբ փչել»,- հայտարարել է Պուտինը։ Նա խոստացել է, որ «Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազատությունն ապահովվելու են»։