Մոլդովան ևս երկու ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը
Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է արտակարգ դրության երկարաձգումը հոկտեմբերի 7-ից՝ ևս 60 օրով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։
Փետրվարի 24-ին Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն են սահմանել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովն առաջարկել է այս ռեժիմը երկարացնել ևս 60 օրով, այս նախաձեռնությանը կառավարությունը սատարել է։
«Արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու մասին որոշման նախագիծը հավանության է արժանացել 53 պատգամավորի ձայներով»,- ասել է Գրոսուն։
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան, ով դիմել է խորհրդարան՝ արտակարգ դրությունը երկարաձգելու խնդրանքով, նշել է, որ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կպահպանի արտակարգ որոշումներ կայացնելու իրավունքը՝ առանց խորհրդարանի համաձայնության։ Նա նշել է, որ խնդիրը միայն անվտանգության ռիսկերը չեն, որոնք պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական հակամարտությունը տևում է։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետևանքները, որոնք ուղղակիորեն ազդում են Մոլդովայի վրա, սա ներառում է փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը և արտահանման ուղիների նյութատեխնիկական ապահովման փոխարինումը և Մոլդովայի համար նոր շուկաների որոնումը:
Գավրիլիցան նաև նշել է գազի մատակարարման դադարեցման սպառնալիքի մասին, որի ծավալն արդեն կրճատվել է 30%-ով։
Ընդդիմությունը կտրականապես դեմ է եղել նման որոշմանը։ Կոմունիստների և սոցիալիստների դաշինքի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այս հարցի քննարկմանը և պնդել, որ այն հանվի օրակարգից։