Կադիրովը ներառվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաշատը պատժամիջոցների տակ հայտնված մարդ (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ներառվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաշատը պատժամիջոցների տակ հայտնված մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ Ռամզան Կադիրովի, նրա հարազատների ու զինակիցների նկատմամբ գործում է 68 պատժամիջոց, իսկ անձամբ նրա դեմ սահմանվել է 15 պատժամիջոց։
Ավելի վաղ Կադիրովը հայտնել էր, որ մտադիր է դիմել Ռուսաստանի ռեկորդների գրքին, ապա Գինեսի գրքին՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների քանակով ռեկորդ գրանցելու համար։
«Ընդհանուր առմամբ իմ նկատմամբ կիրառվել է 15 ուղղակի սահմանափակում, 10-ը՝ ընտանիքիս անդամների, 28-ը՝ իմ մարտակիցների և համախոհների, 9-ը՝ կազմակերպությունների, 4-ը՝ ձիերի և 4-ը՝ Instagram-ի աքաունթների նկատմամբ: <...> Նախ՝ ես կդիմեմ Ռուսաստանի ռեկորդների գրքին, այն ինձ համար դեռ ավելի մոտ ու հարազատ է, և հետո, որպեսզի օտար քաղաքական գործիչները զգան, որ իզուր չէին՝ 11 տարի սահմանափակումներ հորինում, կդիմեմ նաև Գինեսի ռեկորդների գրքին»,- երկուշաբթի օրը գրել էր Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել էր, որ անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը չեն կարող պարծենալ նման թվով։ «Ես նույնիսկ շրջանցեցի Հյուսիսային Կորեայի առաջնորդին, իսկ նրա մասին հոլիվուդյան ֆիլմեր են նկարահանվում: <...> Ի դեպ, միգուցե Հոլիվուդը ցանկանա ֆիլմ նկարահանել սարսափելի Ռամզան Կադիրովի մասին: Պատրաստ եմ գլխավոր դերը խաղալ»,- ասել էր նա: