ԱՄՆ-ը խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ հանդիպում կազմակերպել Հյուսիսային Կորեայի հարցով
Միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեան երբևէ եղածներից ամենամեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել: Այն հինգ տարվա ընթացքում առաջին անգամ թռել է Ճապոնիայի վրայով, ինչի պատճառով Ծագող արևի երկրում հայտարարվել է օդային տագնապ:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Թվիթերում գրել է. «Մենք պետք է սահմանափակենք ԿԺԴՀ-ի հնարավորությունը՝ առաջ մղելու իր ապօրինի բալիստիկ հրթիռների և զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերը»:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Նորվեգիան և Իռլանդիան միացել են ԱՄՆ-ի խնդրանքին, սակայն Չինաստանը և Ռուսաստանը խորհրդի գործընկերներին փոխանցել են, որ դեմ են հանրային հանդիպմանը՝ պնդելով, որ խորհրդի արձագանքը պետք է նպաստի Կորեայի հարցում իրավիճակը մեղմելուն։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի վրայով հրթիռի արձակումը որպես «անխոհեմ արարք» և Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեային տարիներ շարունակ արգելել է միջուկային փորձարկումներ իրականացնել և բալիստիկ հրթիռներ արձակել և տարիների ընթացքում ուժեղացրել է Փհենյանի դեմ պատժամիջոցները՝ փորձելով դադարեցնել այդ ծրագրերի ֆինանսավորումը:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այն, որ ԿԺԴՀ-ն կրկին անտեսել է միջազգային թռիչքների կամ ծովային անվտանգության ցանկացած նկատառում»,- ասել է Դյուժարիկը ՝ հավելելով, որ Գուտերեշը Փհենյանին հորդորել է վերսկսել բանակցությունները հիմնական կողմերի հետ:
Վերջին տարիներին ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Չինաստանը և Ռուսաստանը առաջարկել են ՄԱԿ-ի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ մեղմացնել հումանիտար նպատակներով և Փհենյանին մղել միջազգային բանակցությունների։