HIMARS-ը թույլ կտա Ուկրաինային գրոհել թիրախների մեծ մասը, այդ թվում՝ Ղրիմում. Պենտագոն
ԱՄՆ-ի տրամադրած HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և դրանց զինամթերքը թույլ են տալիս ուկրաինացի զինվորականներին խոցել այդ թվում Ղրիմում գտնվող թիրախները:
Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Լորա Կուպերն իր ճեպազրույցում՝ հիշեցնելով, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է։
«Ըստ մեր գնահատականների՝ HIMARS-ի վրա առկա GMLRS համակարգերով, որոնք մենք լրացուցիչ կտրամադրենք ռազմական օգնության նոր փաթեթում, նրանք կարող են խոցել մարտադաշտում, այդ թվում՝ Ղրիմում գտնվող թիրախների մեծամասնությունը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Վաշինգտոնի կողմից Կիևին 625 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Նոր փաթեթը ներառում է լրացուցիչ սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, զրահատեխնիկա։
Նշվում է, որ այս օգնության տրամադրմամբ Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինային տրամադրված ռազմական աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 17.5 մլրդ դոլարի: