ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս վեց ամսով
2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է ևս վեց ամսով: Այսօր Ազգային ժողովը կողմ քվեարկեց նախագծին:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ նշել էր, որ մարտ ամսին հանձնաժողովը մշակել և քննարկումներից հետո մարտի 30-ին պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը:
Նշված ցանկի համաձայն՝ նախարարությունը շուրջ 2 ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3500 նմուշի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր 10000-ից ավելի էջի ծավալով:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում բացահայտված նոր փաստերով և տեղեկություններով պայմանավորված՝ նախարարությունից և պետական այլ մարմիններից նոր փաստաթղթեր ու տվյալներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել: