Ուկրաինան գիշերը 6 իրանական կամիկաձե անօդաչու է խոցել
Հոկտեմբերի 5-ի գիշերը ռուսական ուժերն իրանական անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերին։
«Հոկտեմբերի 5-ի գիշերը ռուսական օկուպացիոն զորքերը «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումները ոչնչացրել են վեց անօդաչու թռչող սարք, որոնցով ռուսները փորձել են հարվածել Ուկրաինային։
Նախօրեին հաղորդվել էր, որ տվյալներն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարում՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը ոչ հավաստի է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործման համար ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը և հավանություն չի տալիս նման հայտարարություններին։ Հակամարտության հենց սկզբից Իրանը հանդես է գալիս երկու երկրների միջև քաղաքական ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը»,- ասել էր Քանանին: