Պետական աջակցությամբ Հայաստան է ներկրվել ավելի քան 1300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
Պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում տնտեսավարողները ձեռք են բերել բարձր մթերատվությամբ 1327 տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, որոնք բոլորն էլ ներմուծվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
«Անասնաբուծության կարևոր և ավանդական ճյուղերից է նաև ոչխարաբուծությունը՝ հաշվի առնելով մեր բնակլիմայական պայմանները, արոտավայրերը, շուկայի պահանջարկը: Տեղում բուծվող կենդանիների մթերատու ցուցանիշների, վաղահասության, պտղատվության բարելավման տեսանկյունից որոշում կայացվեց իրականացնել ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է կենդանիների տնտեսական և ցեղային կազմի բարելավումը, հոտն այնպիսի կենդանիներով համարելը, որոնք կունենան գենետիկական այնպիսի ներուժ, որը կնպաստի հետագայում ոչխարաբուծության շահութաբերության մակարդակի բարձրացմանը»,-ասաց Տեր-Իսահակյանը:
Հայաստանում ոչխարների գլխաքանակը տատանվում է 713 հազարի շրջանակներում: Կա կենդանիների արտահանման բավականին մեծ ցուցանիշ, ոչխարի մսի արտադրության տեսանկյունից Հայաստանն ինքնաբավության բավականին բարձր մակարդակ ունի:
Ծրագիրն իրականացվում է երկու ձևաչափով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ և ծախսերի մասնակի փոխհատուցմամբ: Վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, պետության կողմից սուբսիդավորվում են այն չափով, որ տնտեսավարողի համար վարկը հասանելի է լինում 2 տոկոս տոկոսադրույքով: Իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով:
Երկրորդ բաղադրիչով պետությունը փոխհատուցում է ծախսի 23 տոկոսը: Ֆերմերը դիմում է նախարարություն, եթե ստանում է համապատասխան եզրակացությունը, ապա ձեռք է բերում կենդանիները, և պետությունը փոխհատուցում է 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 23 տոկոսը: Իսկ սահմանամերձ շրջանների բնակիչների և կոոպերատիվների համար պետությունը փոխհատուցում է 27 տոկոսը:
Ծրագրի շրջանակում դրված է նաև կենդանիների ձեռքբերման սահմանաչափ: Կարելի է ձեռք բերել մինչև 2000 գլուխ ոչխար, իսկ վարկի պորտֆելի չափը կարող է կազմել մինչև 900 մլն դրամ, այսինքն` Ԡ գլուխ կենդանու հաշվով՝ ոչ ավել քան 450 հազար դրամ: Ծրագրի շրջանակում հնարավոր է ձեռք բերել միայն 4-16 և 6-16 ամսական համապատասխանաբար էգ և արու մատղաշներ և մինչև 18 ամսական հղի կենդանիներ:
Ծրագրի շրջանակում, ըստ Տեր-Իսահակյանի, ձեռք են բերվել բարձր մթերատվություն ունեցող ցեղատեսակներ՝ եվրոպական երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, նաև ՌԴ-ից, Ուկրաինայից: «Ներկրվել են օրինակ ռոմանովյան ցեղի ոչխարներ, որոնց պտղատվությունը կազմում է 300 տոկոս և ավել: Այս կենդանիների ներկրումը կնպաստի հետագայում և տեղում բուծվող ցեղերի վաղահասությանը, և պտղատվության մակարդակի բարձրացմանը»,-նշեց նա:
Ծրագրից մինչև այժմ օգտվել է 12 շահառու, ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 1327 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Վարկի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 360 մլն դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 67 մլն դրամ: Իսկ փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցվել է 13.6 մլն դրամ: