Կադիրովը Չեչնիայում Պուտինի տարեդարձի առթիվ զանգվածային միջոցառումներ կկազմակերպի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ հոկտեմբերին նախատեսում են զանգվածային միջոցառումներ կազմակերպել տարածաշրջանում մի քանի տոների կապակցությամբ, սակայն գլխավոր իրադարձությունը հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեդարձն է։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։
«Կազմկոմիտեի անդամների հետ քննարկել եմ հոկտեմբերի 5-ի՝ Քաղաքի օրվա, Ուսուցչի օրվա, Չեչնիայի երիտասարդության օրվա տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև հոկտեմբերի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինի տարեդարձի առթիվ կայանալիք կարևորագույն միջոցառումը»,-գրել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ հոկտեմբերի 7-ին կբացվի Պուտինի օլիմպիական ձյուդոյի ուսումնական կենտրոնը։ Նրա խոսքով, Ռուսաստանի պետության ղեկավարի 70-ամյակի պատվին, նաև բազմաթիվ մարզական միջոցառումներ են լինելու։ Կադիրովը Ռուսաստանի Դաշնության նախագահին անվանել է թիվ մեկ հայրենասերը երկրում և ընդգծել, որ լայնածավալ տոնակատարությունների միջոցով ռուսները կկարողանան «բոլոր թշնամիներին ապացուցել», որ սիրում և գնահատում են իրենց առաջնորդին։