Balenciaga ցուցադրել է չիփսերի տուփի տեսքով պայուսակը
Balenciaga-ն թողարկել է Lay's չիփսերի տուփի տեսքով պայուսակ։ Շոուից լուսանկարները հայտնվել են Dazed-ում։
Հոկտեմբերի 2-ին Փարիզում տեղի է ունեցել Նորաձևության շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ Balenciaga-ի նոր գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որը ստեղծվել է ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի գլխավորությամբ։ Շոուն բացել է Balenciaga-ի մտերիմ ընկերը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ով հանպատրաստից թռիչքուղու վրա հայտնվել է մեծ չափի սև բաճկոնով՝ բազմաթիվ գրպաններով, լայն կաշվե տաբատով և կոպիտ կոշիկներով։ Ցուցադրության կարևորագույն կետերից էր հորթի կաշվից կլաչ պայուսակը, որը պատրաստված էր լայմի համով Lay's չիփսերի տեսքով:
Հետաքրքիր է, որ 2022 թվականի ամռանը Dazed-ի խմբագիր Դենիել Ռոջերսը նկատեց Գվասալիային մի պարկ չիփսով և կատակեց, որ Balenciaga-ի հաջորդ հիթը նման տեսք կունենա։ Եվ նա ճիշտ էր. մի քանի ամիս անց Դեմնան Փարիզի Նորաձևության շաբաթում ներկայացրեց չիփսից ոգեշնչված աքսեսուար։ Ինքը՝ Դեմնան, բազմիցս ասել է, որ «գրեթե ցանկացած բան, նույնիսկ ամենատգեղը, կարելի է նորաձևություն համարել»։