Եվրոպայի խորացված կախվածությունը ԱՄՆ-ից «աղետ» կլինի ողջ աշխարհի համար. Global Times
ԱՄՆ-ից Եվրոպայի մեծացած կախվածությունը կարող է հետագայում հանգեցնել աշխարհաքաղաքական իրավիճակի «զգալի անհավասարակշռության» և դառնալ «աղետ» ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտնում է չինական Global Times թերթը։
Նյութի հեղինակը նշում է, որ էներգետիկ ճգնաժամի ֆոնին եվրոպական երկրները կախվածության մեջ են հայտնվել Վաշինգտոնից «այն աստիճանի, որ ստիպված են ԱՄՆ-ի դուդուկի տակ պարել Մոսկվայի հետ հարաբերությունների հետ կապված հարցերում»։ Դրանով, ընդգծվում է հոդվածում, Միացյալ Նահանգները «մեծ օգուտներ են քաղել Եվրոպայում առկա ճգնաժամից գրեթե բոլոր առումներով»։ Նման օգուտի օրինակ է եվրոպական ձեռնարկությունների մի մասի տեղափոխումն ԱՄՆ, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ԵՄ-ի կախվածությունը։
«Որքան քաոսային լինի իրավիճակը Ռուսաստանում և Ուկրաինայում, այնքան ավելի կհարստանան զենքի վաճառքով զբաղվող ամերիկացիները»,- ասվում է նյութում։
Եվրոպայի կողմից իր ռազմավարական ինքնավարության կորուստը, հոդվածի հեղինակի կարծիքով, «աղետ է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար, քանի որ դա կարող է հանգեցնել ծանր անհավասարակշռության ողջ աշխարհաքաղաքական իրավիճակում և կանխել իրավիճակի կարգավորումը»: