Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի
Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալյուք Բայրաքթարը, գրում է Espreso.tv-ը։
«Գործարանում կհավաքեն ե՛ւ գոյություն ունեցող Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, ե՛ւ Bayraktar Akıncı մոդելը, որը դեռ չի մատակարարվել Ուկրաինա»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ գործարանում աշխատանքները շարունակվում են՝ չնայած ընթացող իրադարձություններին։ Բայրաքթարը հավելել է, որ նախատեսվում է թողարկել նոր մոդելներ, որոնցից մեկը կարող է ստանալ ուկրաինական անվանում։
Ավելի վաղ թուրքական ավիաշինական Baykar Makina ընկերությունը հրաժարվել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ երբեք այդ երկրին անօդաչու թռչող սարքեր չի մատակարարել։ «Որովհետեւ մենք աջակցում ենք Ուկրաինային»,-ասել էր ընկերության գործադիր տնօրենը։