Այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, մեր կողմից չեն հերքվել. Փաշինյանը՝ Հնդկաստանից զենք գնելու մասին
Մենք Իրանի հետ շատ սերտ համագործակցում ենք, Նյու Յոորքում ես հանդիպում ունեցա Իրանի նախագահի հետ, մենք շատ երկար զրուցեցինք, քննարկեցին մեր հարաբությունների զարգացման մասին, այդ թվում տարածաշրջանային իրավիճակը քննարկեցին: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում Իրանը անընդհատ հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերից եւ պետք է Իրանի հետ սերտացնել հարաբերությունները:
«Մենք շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ, հեռախոսազրույցներ: Մենք շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ փորձում ենք այդ ուղղությամբ առավել գործնական քայլեր իրականացնել»,-ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Հնդկաստանից զենք ենք գնում, Փաշինյանը պատասխանեց. «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չի, որ ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պետք է ասեմ, որ այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, Հայաստանի կողմից չեն հերքվել: Որեւէ լրացուցիչ բան չեմ ուզենա ասել; Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Մենք շատ ակտիվ ու ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Դա հեշտ գործ չի:
Ես կուզեի, որ մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկրման հետ: 1960-ականների, 1980-ականների զենքերի ներկրումը ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկրման հետ պետք չի շփոթել»: