Էրդողանը դատի է տվել Բունդեսթագի փոխխոսնակին՝ իրեն «կոյուղու փոքրիկ առնետ» անվանելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկիին, ով իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանին անվանել է «կոյուղու փոքրիկ առնետ» և սուր քննադատության ենթարկել նրա՝ փախստականների հարցով քաղաքականությունը, գրում է Spiegel-ը։
Սեպտեմբերի 29-ի նամակում Քյոլնի փաստաբան Մուստաֆա Կապլանը Էրդողանի անունից հայց է ներկայացրել Կուբիցկիի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության համար։ Յոթ էջանոց այս փաստաթուղթը ներկայացվել է Հիլդեսհայմի դատախազություն:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի նախագահի համար դժվար է ընդունել Կուբիցկիի հայտարարությունը «կրոնական նկատառումներով», «քանի որ իսլամը բացառում է նման վիրավորանքները»։
Ի պատասխան՝ Բունդեսթագի փոխխոսնակը փորձել է արդարացնել իրեն: Նա նշել է, որ «կոյուղու փոքրիկ առնետը» «փոքր, սրամիտ, բայց խելացի ու խորամանկ արարած է», ինչպես նաև հիշել է «Ռատատույ» անիմացիոն ֆիլմը։
Փաստաբան Կապլանը նման ակնարկները գնահատում է որպես պաշտպանություն։ Կապլանը կարծում է, որ «Ռատատույ»-ը «ոչ մի առնչություն չունի Թուրքիայի՝ փախստականների հարցով քաղաքականության հետ»:
Այս դեպքն արդեն դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։ Կուբիցկիի հայտարարությունների պատճառով Թուրքիան իր մոտ է կանչել Գերմանիայի դեսպանին։