2 օր առաջ Ջերմուկի ուղղությամբ զոհված Հովհաննես Սուքիասյանը Նոր Ազնաբերդ գյուղից էր, 44–օրյա պատերազմի մասնակից
Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։
NEWS.am–ի հետ զրույցում նրա համագյուղացին՝ Ելենա Միքայելյանը պատմեց, որ Հովհաննես Սուքիասյանը տասը տարուց ավելի ծառայում էր Հայաստանի Զինված ուժերում։ 44–ամյա Հովհաննեսը ամուսնացած էր, ունի երկու որդի։
Նա նաեւ մասնակցել էր սեպտեմբերի 13–ին Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրքերի պաշտպանությանը:
Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 28–ին, երբ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
«Հովհաննեսը դեպքից երկու օր առաջ մի քանի ժամով եկել էր գյուղ, տեսել ընտանիքին, զգեստափոխվել ու վերադարձել դիրքեր։ Հովհաննեսը վարորդ էր, նա մասնակցել էր նաեւ 44–օրյա պատերազմին, ամբողջ ընթացքում հաց էր հասցրել զինծառայողներին, վիրավորներին տեղահանել, զոհված տղաների աճյունները հանել։ Հովհաննեսը զոհվել է ԱԹՍ–ի հարվածից։
Հովհաննեսը շատ լավ ընկեր էր, հոգատար ամուսին, հայր ու իր ծնողներին արժանի զավակ։ Հոգեհանգստի ժամանակ եւս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչքան մեծ հարգանք էր վայելում նա կոլեկտիվում եւ գյուղում»,– ասաց Ելենան։
Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։