ՀԱՊԿ-ի հասցեին քաղաքական գործիչների անհիմն քննադատությունը փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը չի նպաստում. ՌԴ ԱԳՆ
Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցված անհիմն քննադատությունը ձեռնտու չէ եւ չի նպաստում ստուգված փոխընդունելի լուծումների որոնմանը։ Որտեղ էլ որ գտնվեն այդ քաղաքական գործիչները, այդպիսի ապակառուցողական հայտարարությունները քիչ օգուտ են տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մի շարք հայ քաղաքական գործիչների քննադատությունը ՀԱՊԿ-ի հասցեին։
«Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի վարչապետին կներկայացնի ՀԱՊԿ առաքելության գնահատականներն ու առաջարկները՝ հիմնված Հայաստանում աշխատանքի արդյունքների վրա։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույց էր ներկայացրել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի շրջանակներում»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Զասը եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարն այցելել են սահման եւ գնահատել իրավիճակը գետնին։
«Ինչ վերաբերում է Երեւանի՝ Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար զորախումբ չուղարկելու որոշմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանն այդ հարցում գործում է՝ ելնելով իր եւ իր զինված ուժերի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրներից՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։
Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը կարող ենք բեղմնավոր եւ արդյունավետ բնութագրել։
Կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը համընկել է հավաքական անվտանգության հատուկ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց մենք պետք է միասին հակազդենք: ՀԱՊԿ գագաթնաժողովը պետք է կայանա Երեւանում, այն կամրագրի այս կառույցի 20 տարվա գործունեության արդյունքները։ Կարծում եմ, որ ապագայի նոր հեռանկարներ կուրվագծվեն»,- նշել է նա։