Ուժեղ շոգը հանգեցրել է շվեյցարական սառցադաշտերի աննախադեպ հալման
Շվեյցարական սառցադաշտերը հալչում են այնպես, ինչպես երբեք, ցույց է տվել չորեքշաբթի հրապարակված ակադեմիական հետազոտությունը: Այս տարի նրանց սառույցի ծավալը նվազել է 6 տոկոսով՝ գլոբալ տաքացման հետ կապված աճող մտահոգությունների եւ ամառային շոգ ալիքի ֆոնին, որը պատել է Եվրոպան, գրում է AP-ն։
Շվեյցարիայի գիտությունների ակադեմիան հայտնել է, որ երկրի սառցադաշտերում սառույցի քանակի նվազումը գերազանցել է նահանջի նախորդ ռեկորդը գրեթե մեկ սերունդ առաջ:
«2022 թվականը շվեյցարական սառցադաշտերի համար աղետալի տարի էր, քանի որ սառույցի հալման բոլոր ռեկորդները սահմանվել են ձմռանը առատ ձյան եւ ամռանը երկարատեւ շոգի պատճառով»,- ասվում է ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Ակադեմիան իր զեկույցը հիմնել է շվեյցարական սառցադաշտերի մոնիտորինգի Glamos ցանցի կողմից հավաքագրված տվյալների վրա: Շվեյցարիան սառցադաշտերի ամենամեծ ծավալն ունի՝ Եվրոպայի բոլոր երկրների համեմատ։
Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական ինստիտուտի սառցադաշտաբան Մաթիաս Հուսը, որը ղեկավարում է Glamos ծրագիրը, ասում է, որ գլոբալ ջերմաստիճանի ներկայիս կանխատեսումներով, տասնամյակների ընթացքում սառցադաշտերի վերադարձի հավանականությունը զրոյական է: