Փաշինյանի «դեղին քարտը»՝ Արամ Խաչատրյանին. մարզպետարանում փոփոխություննե՞ր են սպասվում
ՏԻՄ վերջին ընտրություններում Լոռու մարզում ՔՊ արձանագրած արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին Նիկոլ Փաշինյանի համար: Չորս համայնքներից ՔՊ-ն հաղթանակ տարավ միայն երկուսում, ինչը, կարելի է ասել, հերթական ֆիասկոն է: Ուշագրավ է նաև այն փաստը, որ ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին արձակուրդ է ուղարկել, չնայած այն հանգամանքին, որ վերջինս հարաբերականորեն վերջերս էր վերադարձել արձակուրդից:
Սա Խաչատրյանի առաջին ձախողումը չէ: Նախորդ ՏԻՄ ընտրություններում նա պարտվեց Վանաձորում և չկարողացավ ընտրվել համայնքապետի պաշտոնում: Այն ժամանակ էլ շատերի կարծիքով մարզպետի գլխին մութ ամպեր էին կուտակվել: Մամուլը գրել էր Խաչատրյանի Վանաձորյան ՏԻՄ ֆիասկոյից հետո նրա պաշտոնը զբաղեցնելու գլխավոր հավակնորդը պատգամավոր Արփի Դավոյանն է: Ինքը` Դավոյանը, հերքել էր, որ պատրաստվում է զբաղեցնել մարզպետի պաշտոնը, սակայն ինչպես ասում են՝ սա Հայաստանն է, և ոչինչ բացառել հնարավոր չէ: Խաչատրյանը չընտրվեց, սակայն վերջինիս ձախողումն էլ ավելի է մոտեցնում Դավոյանին մարզպետի պաշտոնին:
Եվ, իհարկե, երկորդ հավակնորդը Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է, ով, կարծես, չի հաշտվում պաշտոնը լքելու մտքի հետ: Նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ազատվում էր մարզպետարանում Խաչատրյանի կադրերից: Խաչատրյանը մինչ պատգամավոր դառնալը փոխմարզպետ էր, և մամուլը բազմիցս էր անդրադարձել վերջինիս մարզպետ դառնալու ցանկությանը: Այդ ցանկությունը Խաչատրյանն ի կատար ածեց, սակայն այսօր հարվածի տակ է արդեն հենց ինքը: Ընդ որում, Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվորեն ազատվում էր Ղուկասյանի կադրերից և այսօր Անդրեյ Ղուկասյանի գլխավոր խնդիրը մարզում իր դիրքերի վերականգնումն է:
Այժմ, երբ ձախողումը կրկնվեց, Խաչատրյանի ապագան մարզպետի պաշտոնում էլ ավելի մշուշոտ է դառնում: Եվ չի բացառվում, որ Փաշինյանը նրանից ազատվելու համար գործի դնի իր հին և սիրված մեթոդները՝ քրեական գործերը: Դիցուք՝ մարզպետը չի ցանկանում խոսել իր կնոջ դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև նորանշանակ մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռք բերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Ամենից հետաքրքրականը, սակայն, այստեղ այն փաստն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե Լոռու մարզպետն է, այս դեպքում արդեն Արամ Խաչատրյանը, որին, ստացվում է, հաշվետու է հայրը: Ակնհայտ է շահերի բախումը։ Արդյո՞ք Փաշինյանը կների Խաչատրյանին, թե սպասենք հերթական աղմկահարույց հրաժարականին...