Apple-ը կնվազեցնի iPhone 14-ի արտադրական ծավալը պահանջարկի նվազման պատճառով. Bloomberg
Apple Inc. ընկերությունը հետ է կանգնում իր նոր iPhone-ների արտադրությունն այս տարի մեծացնելու ծրագրերից այն բանից հետո, երբ պահանջարկի ակնկալվող աճն իրականություն չի դարձել: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով խնդրին քաջածանոթ մարդկանց:
Ընկերությունը մատակարարներին խնդրել է հետ կանգնել այս տարվա երկրորդ կիսամյակում iPhone 14-ի արտադրանքը մինչև 6 միլիոն միավորով ավելացնելու ջանքերից, հայտնել են աղբյուրները:
Ընկերությունը նախատեսում է արտադրել 90 միլիոն հեռախոս։ Սա մոտավորապես նույն քանակն է, որն արտադրվել է 2021 թվականին և համահունչ է Apple-ի նախնական կանխատեսմանը, որն արվել է 2022 թվականի ամռանը։
Աղբյուրները նշում են, որ ավելի թանկ iPhone 14 Pro մոդելների պահանջարկն ավելի մեծ է, քան սկզբնական տարբերակներինը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ ընկերությունը արտադրական հզորությունները ավելի էժան սմարթֆոններից տեղափոխում է պրեմիում մոդելների:
Apple-ը սեպտեմբերի 7-ին ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Pro-ն: