Իրանում ձերբակալվել է նախկին նախագահի դուստրը (լուսանկարներ)
Իրանում բողոքի ցույցեր հրահրելու համար ձերբակալվել է նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նշվում է, որ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 12 օր։ Դրանք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Թավրիզում, Քարաջում, Քոմում, Յազդում: Բողոքի ցույցերի արդյունքում, ըստ Իրանում մարդու իրավունքների կենտրոնի, որը տեղակայված է Նյու Յորքում, առնվազն 76 մարդ է զոհվել։
«Իրանը դեռևս գտնվում է ինտերնետի/բջջային կապի անջատման վիճակում, սակայն որոշ տեսանյութեր դեռ հրապարակվում են»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ Fars լրատվական գործակալության, ցույցերի պատճառով զոհվել է 60 մարդ։ Պաշտոնական իշխանությունները հաստատում են 41 զոհի մասին։
Նյութում ասվում է նաև, որ Իրանի ողջ տարածքում 1200 ձերբակալություն է իրականացվել։ Ձերբակալվածների թվում կան ոչ միայն ակտիվիստներ, այլև տեղացի լրագրողներ։ Ցուցարարներին են միացել Իրանի համալսարանների դասախոսներ։ Նրանցից ոմանք թողել են աշխատանքը կամ հրաժարվել են դասավանդելուց:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 22-ամյա աղջկա՝ Մահսա Ամինիի մահից հետո։ Նրան ձերբակալել են տեղի անվտանգության ուժերը «հիջաբը սխալ կրելու համար»: Իրավապաշտպանները պնդում են, որ աղջկան ծեծելով սպանել են։ Սրա պատճառով բազմաթիվ երիտասարդներ դուրս են եկել փողոց։ Բողոքի ցույցերը վերաճել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) ծառայող իրավապահների հետ բախումների։