Ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է․ Ոսկանյան
Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։
Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման»,- գրել է Ոսկանյանը։