Մենք Սեւ լճի էդ 30 տոսկոսի համար պատերա՞զմ ենք սկսում. ոչ. Փաշինյանը խաբել է. մաս 100. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ դեռ նոր էր դարձել գործադիրի ղեկավար, մամուլի ասուլիսներ էր անցկացնում եւ 100 փաստ ներկայացնում կառավարության աշխատանքի մասին: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր ներկայացնում է 100-րդ ապացույցը, որ նա իր տարբեր հայտարարություններով խաբել է ՀՀ քաղաքացիներին:
Դրանք եղել են թե՛ պատերազմին, թե՛ սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի ժամանակ: Օրինակ՝ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն առաջին անգամ էին մտել Հայաստանի սուվերեն տարածք եւ հաստատվել Սեւ լճի տարածքում, նաեւ առաջ եկել Գեղարքունիքի մարզում, եւ մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Մենք ասենք, որ հա նայենք ուսումնասիրենք, ասենք՝ մենք Սեւ լճի էդ 30 տոսկոսի համար պատերազմ ենք սկսում. ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»:
Ստացվում է՝ Փաշինյանին ոչ միայն չհաջողվեց գնալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, այլեւ նոր ռազմական գործողություններ սկսվեցին սահմանին: Հիմա ազերիներին հաջողվել է նոր տարածքներ գրավել, եւ Նիկոլ Փաշինյանը պայքար մղելու, անգամ կամավորագրվելու կոչ է անում: Ստացվում է՝ Սեւ լճի 30 տոկոսի համար նա չէր ցանկանում պայքարել, սակայն այժմ ավելի լայն տարածքում պայքարի կոչ է անում:
Մեզ մնում է արձանագրել, որ Փաշինյանը հերթական անգամ խաբել եւ մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին՝ ասելով, թե Սեւ լճի 30%ի համար պայքարը անիմաստ է։ Իրականում մեր երկրի ամեն սանտիմետրի համար հարկավոր էր կռիվ տալ: