Շակիրան կկանգնի դատարանի առջև հարկային հանցագործությունների մեղադրանքով
Կոլումբիացի երգչուհի Շակիրան կդատապարտվի Իսպանիայում՝ վեց հարկային հանցագործությունների կասկածանքով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կատալոնիայի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։
Պետական բյուջեի դեմ ենթադրյալ վեց հանցագործությունների գործով դատալսումների մեկնարկի ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի դատախազությունը պահանջում է Շակիրային դատապարտել 8 տարի 2 ամիս ազատազրկման, ինչպես նաև երգչուհուց 23 միլիոն եվրո տուգանք գանձել հարկերը չվճարելու համար։ Վերահսկիչ մարմինը 2022 թվականի հուլիսին մեղադրական եզրակացություն է պատրաստել։
Շակիրան կասկածվում է 2012-2014 թվականներին հարկերից խուսափելու հետ կապված հանցագործությունների մեջ։ Ընդհանուր առմամբ, խոսքը 14,5 միլիոն եվրոյի մասին է։ Մեղադրող կողմը պնդում է, որ կոլումբիացի երգչուհին ժամանակի մեծ մասն ապրել է Բարսելոնայում՝ հաշվի առնելով նրա հարաբերությունները իսպանական համանուն ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեի հետ։ Երգչուհին պնդում է, որ իսպանական իշխանություններին չմարված պարտքեր չունի, քանի որ նախկինում վճարել է ավելի քան 17 միլիոն եվրո, որը իրենից պահանջել են։