«Ժողովուրդ». Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար
«Ժողովուրդ» օարթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի:
Մեկ դրույք դասաժամ ու դասղեկական ժամեր ունեցող, հարակից այլ աշխատանքներ անող ուսուցիչը հաճախ հազիվ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու բնական է, որ նրան կարող է գրավել 400 հազար դրամ աշխատավարձ ենթադրող աշխատանքը։ Մեզ հասած տեղեկություններով՝ թեեւ պատկան մարմինները վիճակագրություն չեն ներկայացնում, բայց նման ցանկություն ունեցողների կամ ծառայություն դիմած անձանց թիվը փոքր չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պարեկային ոստիկանության պետ Արթուր Ումրշատյանը, թեեւ հաստատեց, որ նման՝ ուսուցչի պարեկ դառնալու նախադեպեր եղել են, բայց հակադարձեց՝ հստակ վիճակագրություն չկա, այնպես չի, որ ուսուցիչ-պարեկները մեծ թիվ են:
«Եթե պայմանական ընդունենք, որ ծառայությանը 1350 հոգի է դիմել, ապա նրանցից 5-6 հոգին է մանկավարժ եղել։ Տեսեք՝ մի աղջիկ, օրինակ, Մեղրիից էր դիմել, բայց նրա նպատակն էլ, ավելի շատ, Երեւան տեղափոխվելն էր։ Այո, ունենք նման դեպքեր, բայց դրանք բացառիկ դեպքեր են, ու որ ասեմ՝ մանկավարժները տարերայնորեն դուրս են գալիս ու գալիս են Պարեկային ծառայություն, ապա սուտ կլինի, չկա նման բան: Իհարկե, որպես ծառայության պետ ասեմ՝ ցանկալի կլիներ, որ կրթական բարձր ցենզով մարդիկ ավելի շատ դիմեին, բայց, իհարկե ոչ դպրոցի հաշվին»,- ներկայացրեց ծառայության պետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում