Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն
Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը։ Այս մասին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հենց նախագահ Ալիևին եմ ասել, որ սահմանի սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել մի երկրի առաջխաղացումը մեկ այլ երկրի տարածք։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Չլուծված բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։ Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո։ Պետք է դրանք վերսկել։ Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ սկսվեց մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար», - հավելել է նա։
Մակրոնը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին թիրախավորել է Հայաստանի տարածքը, քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Ռազմական բախումների ժամանակ թիրախավորվել է Հայաստանի տարածքը, զոհվել են բազմաթիվ մարդիկ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները։ ՄԱԿ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ քննարկվեց իրավիճակը։ Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը», - ասել է նա։