Լեյտենանտ Արմեն Աբրահամյանն իր զինվորներին հրամայել է նահանջել, իսկ ինքը 12 ժամ միայնակ կռվել է թշնամու դեմ (ֆոտո)
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհված լեյտենանտ Արմեն Աբրահամյանը Զինված ուժեր ծառայության էր անցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։
Նախքան 44-օրյա պատերազմը նա ծառայում էր Քարվաճառում, իսկ Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել էր Ջերմուկ։
«Ջերմուկի իրենց դիրքի ուղղությամբ շատ ծանր մարտեր են ընթացել, ինքը վիրավորումներ էր ստացել ոտքի եւ որովայնի շրջանում։ Իր երեք ժամկետային զինծառայողներին ասել է, որ իր մոտ զենքեր թողնեն եւ նահանջեն։ Նրա շնորհիվ տղաները փրկվել են, իսկ ինքը 12 ժամ կարողացել է միայակ դիրքային մարտ մղել, սակայն վերջում զոհվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի հորեղբոր աղջիկը՝ Լիդա Աբրահամյանը։
Արմենը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների թվում էր։
Արմեն Աբրահամյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ծանր վիրավորում էր ստացել, ապաքինվելուց ամիսներ անց վերադարձել էր ծառայության։ Արմենի եղբայրը նույնպես զինվորական էր։ Նա զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։