Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգվում են. համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են թիվ 5 և 12 պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի համայնքապատկան 8.5 հա անտառային գոտու վերականգնման ծրագրի շրջանակում աշնանը ևս տարածքում ծառատունկ կկազմակերպվի: Հաշվի առնելով տեղանքը՝ անտառտնկման աշխատանքները կիրականացվեն խրամատային եղանակով: Ի դեպ, ծառատունկի տնկանյութի մոտ 90 %-ը կապահովի քաղաքային ջերմատունը: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել է ձախակողմյան հատվածի ոռոգման ցանցի արդիականացման գործընթացը: 1.2 հա-ը ևս դարձել է ոռոգելի:
Ավարտական փուլում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից քարե շինության հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի երկրորդ փուլով փոխարինվում են եզրաքարերը: Կանաչ գոտին ևս կվերականգնվի, կարդիականացվի ոռոգման համակարգը:
Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշանների տեսանելիությանը խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Աշխատանքները կրում են պարբերական բնույթ:
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:
Ընթացքի մեջ են Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքի նորոգման աշխատանքները: Մարզական օջախն ունի առաջին հայացքից չերևացող, բայց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնք ևս լուծումներ կստանան։
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց: